Օսմանյան կայսրությունում հայերի համար գործող գերմանական առաքելությունների պատմությունը 1896-1919 թթ.

Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության և Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցու հետ համագործակցությամբ այս ցուցահանդեսը կներկայացնի դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետազոտական արդյունքները՝ հայերի համար գործող գերմանական առաքելությունների վերաբերյալ։
Ցուցահանդեսի բացումը կնշանավորվի հանդիսավոր ծրագրով։

Ցուցահանդեսի մասին՝
19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունը ցնցվեց հայերի կոտորածներից, որոնց մասին տեղեկացավ նաև Եվրոպան։ 1894-1896 թվականներին օսմանյան կառավարության կողմից հրահրված ջարդերը դրդեցին որոշ գերմանական առաքելությունների՝ հոգ տանելու վերապրածների և հատկապես որբացած երեխաների մասին։ 1896 թվականի հունիսից Օսմանյան կայսրությունում արդեն գործող Կայզերսվերթի սարկավագուհիների տան, Սիրիական որբանոցի, ինչպես նաև Երուսաղեմի միության կայաններում հարյուրավոր հայ որբեր ապաստան գտան։ Վերապրածների զգալի մասին իրենց խնամքի տակ առան նորաստեղծ Գերմանական արևելյան առաքելությունը և Հայաստանի համար գերմանական օգնության միությունը։ 1909 թվականին այս առաքելություններին միացավ Քրիստոֆելի կույրերի առաքելությունը։ Բացի այդ, գերմանական կաթոլիկ շրջանակները ֆինանսապես աջակցում էին վերապրածներին։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Գերմանական առաքելությունների միսիոներները դարձան Հայոց ցեղասպանության ականատեսները և փորձեցին իրենց կայանները վերածել հույսի և փրկության վայրերի։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բոլոր գերմանական առաքելությունները ստիպված եղան լքել Օսմանյան կայսրությունը։
Այս ցուցահանդեսը ներկայացնում է 1896-1919 թվականներին Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործած վերոնշյալ գերմանական առաքելությունների պատմությունը։ Ցուցահանդեսի բովանդակությունը հարստացված է առաքելությունների առաջատար գործիչների, նրանց օգնության կոչերի, ինչպես նաև կայանների և որբ երեխաների բազմաթիվ ժամանակակից լուսանկարներով։ Ցուցահանդեսը պատրաստել է Պոտսդամի Լեփսիուսի տան աշխատակից դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ 1896-1919 թվականներին Օսմանյան կայսրությունում գերմանական ավետարանական և կաթոլիկ առաքելությունների գործունեության վերաբերյալ բազմամյա հետազոտական ծրագրի շրջանակներում։ Այս հետազոտության արդյունքները 2024 թվականին մանրամասն հրապարակվել են նրա մենագրության մեջ՝ հետևյալ վերնագրով. «Հումանիզմ և քրիստոնեական գթասրտություն»՝ «Բռնության քաղաքականություն և մարդու իրավունքներ» շարքում«Duncker & Humblot» հրատարակչությունում։